Արմինֆո. Հայաստանի սահմանապահներն օգոստոսի 1-ից ինքնուրույն սահմանային հսկողություն կիրականացնեն "Զվարթնոց" օդանավակայանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
"Մենք, ընդամենը, տեղեկացրել ենք կայացված որոշման մասին, եւ, եթե չեմ սխալվում, նշել ենք 2024 թվականի օգոստոսի 1 - ը", - պարզաբանել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ այդ հարցը դիտարկում է որպես աշխատանքային, այլ ոչ թե՝ քաղաքական կամ աշխարհաքաղաքական:
Նշենք, որ այսօր ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ "Զվարթնոց" օդանավակայանի սահմանային անցակետը վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին ռուսական կողմին ուղղված պաշտոնական նամակում ասվել է, որ Հայաստանի սահմանապահ զորքը, երախտագիտություն հայտնելով օդանավակայանում անվտանգության և վերահսկողության առաքելության իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար, հայտարարել է սեփական ուժերով ծառայություն իրականացնելու մտադրության մասին:
Իսկ այսօր ճեպազրույցի ժամանակ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանին տեղեկացրել է Հայաստամի մայրաքաղաքի օդանավակայանում Ռուսաստանի սահմանապահների գործունեության դադարեցման մասին: Շփումները շարունակվում են ։