Արմինֆո. Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ:
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմը շարունակաբար կիսվում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իր լավագույն փորձով: Նա կարևորել է Չինաստանի կողմից համավարակի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի առցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19, https://covid19.alliancebrh.com), ինչպես նաև ՉԺՀ Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:
Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: Դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:
Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։