Արմինֆո. Կորոնավիրուսի կապակցությամբ պարետ Տիգրան Ավինյանը պարենային խանութներին հորդորել է հատուկ աշխատանքային ժամեր սահմանել բացառապես տարեց գնորդների համար:
Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում փոխվարչապետն առաջարկել է տարեցներին սպասարկելու համար որպես հատուկ աշխատանքային ռեժիմ սահմանել ժամը 10:00-ից մինչեւ 12:00-ն ընկած ժամանակահատվածը: Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Իտալիայում, օրինակ, կորոնավիրուսից մահացության դեպքեր գրանցվում են առավելապես տարեցների շրջանում, որոնք ունեն նաեւ քրոնիկ հիվանդություններ:
Ավինյանն անդրադարձել է նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որը հստակեցնում է կորոնավիրուսով հիվանդների կամ նրանց հետ շփվող անձանց ինքնամեկուսացման մեխանիզմները, այդ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև խախտողների համար նախատեսված տուգանային պատժամիջոցները:
Ինքնամեկուսացման ենթակա անձանց համապատասխան տվյալները գտնվում են առողջապահության նախարարության տրամադրության տակ: Ավինյանը տեղեկացրել է նաեւ այն տնտեսվարող սուբյեկտների նոր ցուցակը հրապարակելու ծրագրերի մասին, որոնց գործունեությունն արգելվելու է արտակարգ դրության պայմաններում: Այդ միջոցառումները կվերաբերեն մասնավորապես տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը կապված չէ պարենի մատակարարման հետ։