Արմինֆո.Այս շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԿԵ մամուլիկ ծառայությունից, ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով:
Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:
Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր վտանգից իր աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար: ՙ Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ՚, - ընդգծել է ղեկավարը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: