Արմինֆո. ՀՀ զինված ուժերի զինծառայողները, ովքեր տուժել են հակառակորդի կողմից հրթիռակոծության կամ դիվերսիոն հարձակումների հետեւանքով, նույնպես կարող են հավակնել պետական արտոնությունների: <Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը մարտի 3-ին Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է առաջին ընթերցմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով, կան դեպքեր, երբ զինծառայողները, չգտնվելով մարտական դիրքերում կամ չունենալով համապատասխան հրաման, հայտնվել են հակառակորդի հրթիռային հարվածի կամ դիվերսիոն հարձակումների տակ, ստացել են խեղում, սակայն չեն կարողացել հավակնել պետական աջակցության: 2008թ.-ից մինչ օրս կա 9 նման շահառու, որոնցից երկուսի հարցը վերջնականապես լուծված չէ։ Փոփոխություններով սոցիալական արդարությունը կվերականգնվի։ Նախարարի տեղակալը նշել է, որ միջոցները կվճարվեն ոչ թե պետական բյուջեից, այլ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է՝ որպես <Հազար դրամների> հիմնադրամ: Բալայանը նշել է, որ հանձնարարականներ կան առանց բացառության բոլոր տուժածներին վճարումների չափն ավելացնելու հնարավորություններն ուսումնասիրման վերաբերյալ: