Արմինֆո. Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լորա Քուփերը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը Հայոց բանակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Մեր զինված ուժերի միջեւ ակտիվորեն զարգացող համագործակցությունն իրական ոգեւորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանի ուսանողներին՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում ենք նաեւ զարգացնել համագործակցությունը Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտությունների համալսարանի հետ, ինչպես նաեւ շարունակել կրթել Հայաստանի զինված ուժերի ներկա եւ ապագա ղեկավարներին», - ասել է Քուփերը:
Նա ընդսմին համոզմունք է հայտնել, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմքում Հայաստանի եւ Կանզաս նահանգի միջեւ ընդլայնվող գործընկերությունն է: «Կանզաս նահանգի հետ ընթացող նախագծերը թույլ են տալիս ընդլայնել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի գործակցության հնարավորությունները, նպաստել պաշտպանական ոլորտի բարեփոխումներին Հայաստանում», - ամփոփել է Պենտագոնի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն, իր հերթին, ընդգծել է, որ համագործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով: «Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անցյալ տարի նախաձեռնված ռազմավարական երկխոսությունը հարթակ է տրամադրում համընդհանուր բանակցությունների համար, այդ թվում եւ՝ ռազմաքաղաքական ոլորտի գործընկերության ոլորտում», - ընդգծել է դեսպանը: