Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
«Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք: Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը: Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը>,- նշվում է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են՝ Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի վարչության նախագահ; Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր; Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Матч ТВ», հեռուստաալիքի գլխավոր տնօրեն;
Տիգրան Քեոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար; Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր; Մարգարիտա Սիմոնյան, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր;
Սաթի Սպիվակովա, դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար; Դմիտրի Խառատյան, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ; Կարեն Շահնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, վարչության ղեկավար; բանաստեղծ Ավետ Բարսեղյան; երգիչներ Արամե, Արման Հովհաննիսյան, Ալլա Լևոնյան, Արմինկա, Արսեն Գրիգորյան, Հայկո, Նունե Եսայան և Ռազմիկ Ամյան և այլոք: