Արմինֆո.Նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը ("Ալրաղացի Լյով") 40 օրով կալանավորվել է ռուսական դատարանի որոշմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է Զելենոգրադում (Մոսկվայի մարզ, Ռուսաստան) ՀՀ ոստիկանության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների լայնածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում: Նրա արտահանձնման հարցը լուծվում է։
2018թ. հոկտեմբերի 1-ից նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱԱԾ-ն, Սարգսյանը 11 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման պատվիրատուն է: 2018 թվականին Սարգսյանի առանձնատանն ու բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք։