Արմինֆո. Ինչպես եւ ընթացիկ տարում, 2020-ին Հայաստանի կողմից ձեռք կբերվեն նոր եւ արդիականացված զինատեսակներ՝ պայմանագրերի եւ վարկային ծրագրերի շրջանակներում: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ։
Նրա խոսքով ՝ սպառազինության գնումները կիրականացվեն տարբեր երկրներից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ կամ 2020 թվականի հունվարին Հայաստան են մատակարարվելու Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ:
Խոսելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին ՝ Տոնոյանը հայտնել է, որ վերջինիս կողմից զբաղեցրած տարածքների ավելացում չի նախատեսվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռազմակայանի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը ՌԴ ՊՆ ղեկավարին զեկուցել էր, որ նոր ռազմական տեխնիկայի մատակարարումից հետո ռազմակայանի մարտական ներուժը կկրկնապատկվի: <Այսօրվա դրությամբ 102-րդ ռազմաբազան արդիականացվում է սպառազինության, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաեւ կենցաղային պայմանների բարելավման առումով>, - տեղեկացրել է Տոնոյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պաշտպանության ոլորտի ծախսերը 2019 թվականին ավելացել են 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ։ 2,1 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ ուղղորդվել են զինծառայողների մարտական հերթապահության պայմանների բարելավմանը, 2019 թվականի հունիս-օգոստոս ամիսներին 5% - ով ավելացել է արևային էներգիա սպառող զորամասերի թիվը, 5-10% - ով ավելացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, այդ թվում ՝ խոցման միջոցների քանակը, շփման գծի հինգ ուղղություններով բարելավվել են հայկական զորքերի դիրքերը, առաջնագծում մոտ 10%-ով ավելացել է դիտարկման ժամանակակից միջոցների քանակը: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35 տոկոսը կապահովվի խմելու ջրով։
Բացի այդ, 2020 թվականի պետական բյուջեի համաձայն, Հայաստանում ռազմական արդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով: