Արմինֆո. Վրաստանում հայտարարել են երկիրն Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ միավորող ճանապարհների կառուցման մասին: "Վրաստանի կառավարության կողմից երկրում առկա երկաթուղիների արդիականացման գործում ներդրմանը զուգընթաց կառուցվում են չափազանց կարևոր ճանապարհներ, որոնք երկիրը կմիավորեն Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ", - Թբիլիսիում կայացած Մետաքսի ճանապարհի միջազգային համաժողովում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:
Ինչպես հաղորդում է Report-ի տեղական բյուրոն, նախարարը նշել է, որ երկրում Արեւելք-Արեւմուտք ավտոմայրուղու շրջանակներում կառուցվում են նոր ճանապարհներ, որոնք կլինեն ավելի արագւշընթաց, հուսալի եւ անվտանգ: Մ. Ցկիտիշվիլին ընդգծել է, որ Վրաստանում աջակցում են գոյություն ունեցող սեւծովյան նավահանգիստների զարգացմանը եւ Անակլիա խորջրյա նավահանգստի նախագծին: "Այդ նախագծերը Վրաստանին թույլ կտան ավելի լավ համապատասխանել Մետաքսի ճանապարհի պահանջներին", - ասել է նա: