Արմինֆո. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ղարաբաղյան պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ուսումնասիրմանը։
"Հայաստանի գլխավոր դատախազությունը Բալասանյանի հարցազրույցը ԱԱԾ է ուղարկել՝ նրա հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու համար",-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը:
Նյութի հրապարակման պահին ԱրմԻնֆո-ին չի հաջողվել այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ԱԱԾ-ից:
Նշենք, որ "լայվ նյուզ" - ին տված հարցազրույցում Վիտալի Բալասանյանը քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, "Սասնա ծռեր" կուսակցության ղեկավար կազմի հետ մեկամսյա վաղեմության հանդիպման համար եւ սպառնացել ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր, իր իսկ խոսքերով, ոտնձգություն են կատարելու իր, Ղարաբաղի իշխանության եւ պետականության դեմ:
Բալասանյանի հայտարարությանն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Facebook-ի իր էջում գրելով. ՙՎիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:
2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը: Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:
Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում՚:
"Սասնա ծռեր" կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետևում կանգնած են նախկին իշխանությունները:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը մեկ ամիս առաջ կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ "Մարտի 1-ի" քրեական գործի շրջանակներում, սակայն հարցաքննության չէր ներկայացել: Ավելի ուշ Բալասանյանը միացել է "մարտի 1-ի" գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հայտարարությանը: