Արմինֆո.Ադրբեջանն ընդգրկվել է սպառազինության խոշորագույն ներմուծողների ցուցակում։ Այդ են վկայում զենքի համաշխարհային արտահանման վիճակի մասին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI) զեկույցի տվյալները:
Զեկույցի համաձայն, Ադրբեջանը 2014-2018թթ. սպառազինության խոշորագույն 40 ներմուծողներից 23-րդն է։ Ընդ որում, Ադրբեջանին զենքի խոշորագույն մատակարարներն են Ռուսաստանը, Իսրայելը եւ Թուրքիան ։
2014-2018 թվականներին սպառազինության խոշորագույն ներմուծողների հնգյակում են Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Ավստրալիան եւ Ալժիրը:
Ինչպես ավելի վաղ գրել էր ԱրմԻնֆո-ն, հրապարակված զեկույցի համաձայն, սպառազինությունների խոշորագույն արտահանողների հնգյակում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Չինաստանը, որոնք 2014-2018 թվականներին ապահովել են վաճառքի 75 տոկոսը: Ընդ որում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միագումար ծավալը 57 տոկոս է:
Փորձագետների տվյալներով՝ 2014-2018 թվականներին սովորական սպառազինությունների հիմնական տեսակների միջազգային մատակարարումների ծավալը 2009-2013 թվականների համեմատ աճել է 7,8 տոկոսով, 2004-2008 թվականների համեմատությամբ` 23%-ով: Նշվում է, որ անցած հինգ տարվա ընթացքում Մերձավոր Արեւելք զենքի մատակարարումը 2009-2013 թվականների համեմատությամբ ն աճել է: Միեւնույն ժամանակ, զենքի մատակարարումները այլ տարածաշրջաններ կրճատվել են:
Զեկույցի համաձայն, սպառազինությունների շուկայում ԱՄՆ-ի մասնաբաժինն աճել է 6 տոկոսով՝ կազմելով 36 տոկոս: ԱՄՆ-ի արտահանման կեսից ավելին (52%) բաժին է ընկել Մերձավոր Արևելքին։ Ռուսաստանի մասնաբաժինը շուկայում 2014-2018 թվականներին, ընդհակառակը, կրճատվել է 17 տոկոսով` 2009-2013 թվականների համեմատ։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել, մասամբ, Հնդկաստանի եւ Վենեսուելայի կողմից սպառազինությունների ներմուծման կրճատման պատճառով։ Անցած հինգ տարիներին Ռուսաստանը զենք է մատակարարել 48 երկրներ։ Ընդհանուր ծավալի 55%-ը բաժին է ընկել Հնդկաստանին, Չինաստանին եւ Ալժիրին:
Ֆրանսիան եւ Գերմանիան 2014-2018 թվականներին արտահանումը ավելացրել են, համապատասխանաբար, 43 եւ 13 տոկոսով: ԵՄ երկրների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է համաշխարհային ծավալի 27%-ը։ Չինաստանը, որը եզրափակում է խոշորագույն արտահանողների հնգյակը, 2,7 տոկոսով ավելացրել է վաճառքը: Անցած հինգ տարում զգալիորեն աճել է սպառազինության արտահանումն Իսրայելից, Հարավային Կորեայից եւ Թուրքիայից (60 տոկոս, 94 տոկոս եւ 170 տոկոս):