Արմինֆո. Նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հաղորդում է «Տրենդը՚, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան` մամուլի ասուլիսում: Նրա ասելով, հանդիպման ժամկետի վերաբերյալ առայժմ որոշակի տեղեկատվություն չկա: Աբդուլաևան նաև տեղեկացրել է, որ օրակարգում է նաև երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը, որը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում: «Ադրբեջանը պատրաստ է այնպիսի հանդիպումների անցկացման, որոնք կողմնորոշված են արդյունքի և նպատակաուղղված են մեր օկուպացված տարածքների ազատմանն ու հայրենի հողեր հարկադրաբար տեղահանվածների վերադարձի ապահովմանը՚, - հայտարարել է Աբդույլաևան:
Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի հարթակներում: Հանդիպումը եղել է հանպատրաստի` առանց Մինսկի միջնորդների մասնակցության :