Արմինֆո. Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում քննարկել և հավանություն են տվել 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխությունների մասին արձանագրության վավերացմանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն այդ օրինագիծը քննարկել եւ հաստատել էին 2018 թվականի դեկտեմբերին: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներն արձանագրությունը ստորագրել էին 2018 թվականի մարտի 15-ին Մոսկվայում:
Արձանագրության նպատակը 2014 թվի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետը փոփոխելն է, որպեսզի բարձրագույն խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն ունենան ոչ միայն անդամ պետությունների ղեկավարները, այլեւ` կառավարությունների ղեկավարները:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, որոնց համաձայն, 2018 թվականի ապրիլից երկիրը լիովին անցել է կառավարման խորհրդարանական ձեւի, ինչը նախատեսում է արտաքին քաղաքականության ոլորտում նախագահի հիմնական լիազորությունների փոխանցում կառավարությանն ու վարչապետին:
Օրինագիծը կներկայացվի Ղազախստանի նախագահի ստորագրությանը: