Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԱՄՆ հետաքրքրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի ազգային անվանգության հարցերի գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցն Իլհամ Ալիևի հետ, պետք է դիտարկել Վիեննայի համաձայնությունների իրականացման համատեքստում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահի ազգային անվանգության հարցերի գծով խորհրդական Ջոն Բոլթոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը:
<Խոսքը վերաբերում է բանակցությունների տարրական շարունակմանը, ինչը 2016 թ. ապրիլին մարտական գործողություններից հետո պարզապես անհնար դարձավ՝ չխոսելով արդեն բանակցությունների սեղանին ինչ-որ հայեցակարգային առաջարկների հայտնվելու մասինյ: Ըստ էության, հակամարտության կողմերին համանման մեսիջներ է հղում նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչն արտացոլվել է համանախագահների վերջին հայտարարության մեջ>,- ընդգծել է նա:
Իգիթյանն Ադրբեջանի նախագահի հետ Բոլթոնի հեռախոսազրույցը դիտարկում է՝ որպես համանախագահների վերջին հայտարարության յուրօրինակ շարունակություն, ինչը հերթական անգամ ընդգծեց ղարաբաղյան հակամարտության՝ ուժային ճանապարհով լուծման անհնարինությունը և հասարակություններին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը:
Խորհրդարանականի կարծիքով, ԱՄՆ նախագահի խորհրդականի կոչերը և համանախագահենրի հայտարարությունները հասցեագրված են բացառապես մեկ կողմի՝ Ադրբեջանին, քանի որ հենց Բաքուն է պարբերաբար ռազմական ակտիվություն ցուցաբերում, ինչը բանակցային գործընթացի խափանման հիմնական պատճառ է դառնում: