Արմինֆո. Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում CEPA-ի վավերացումը և շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին` երկրի խորհրդարանում այդ գործընթացն ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և նշել, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրա արդյունքները որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցել: Վարչապետի խոսքով` ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը փաստել են նաև միջազգային դիտորդական կազմակերպությունները:
Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում: