Արմինֆո. Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության ջավախքյան ուղղությունն այնքան էլ հստակ չի ներկայացված: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ՚ կուսակցությունից պատգամավորության թեկնածու Հայկ Սանոսյանը, որը ծնունդով Ջավախք՚ից է, և իր գործունեությունը նվիրել է տարածաշրջանի խնդիրների լուծմանը:
Նրա ասելով, հենց այդ հանգամանքն է իրեն դրդել առաջադրվել պատգամավորության թեկնածու, որպեսզի, ինչպես նախորդ տարիներին, ներկայացված լինելով խորհրդարանում, ավելի վստահորեն բարձրացնի և լուծի ջավախահայերի խնդիրները: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել առաջադրվել ոչ թե կառավարող դաշինքի, այլ կուսակցական ցուցակով, քանզի, ավանդաբար կառավարող ուժերն են իրենց ցուցակներում ներառել Ջավախքի ներկայացուցիչներին` հայաբնակ տարածաշրջանի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու նպատակով, Սանոսյանը նշել է, որ Հայաստանի նոր իշխանություններն առայժմ ջավախքյան ուղղությամբ գործողությունների հստակ գիծ չունեն: «Եվ, հետո, այսօր բոլորը ձգտում են կառավարող դաշինքի համամասնական ցուցակին, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ, դա շատ շուտով կհանգեցնի բռնապետության: Մեր ուժը խորհրդարան անցնելու դեպքում կձգտի դառնալ այլընտրանք՚, - նշել է Սանոսյանը:
Նա ընդսմին դժգոհություն է հայտնել նաև ջավախահայերի խնդիրների ուղղությամբ նախորդ իշխանությունների քաղաքականությունից: Հիշեցնելով, որ նախորդ գումարումների խորհրդարաններում ինքը եղել է հենց ՀՀԿ պատգամավոր, Սանոսյանն ընդգծել է, որ իրենց ճանապարհները բաժանվել են ջավախահայերին հուզող խնդիրների և դրանց լույծման ուղիների նկատմամբ տարբեր հայացքների առնչությամբ: «Սակայն մանդատի առկայությունն ինձ հնարավորություն է ըձեռել լուծել տարածաշրջանի համար արդիական բազմաթիվ հարցեր: Օրինակ, իմ ջանքերի շնորհիվ Վրաստանի կառավարությունն սկսեց բյուջեից մեծ միջոցներ հատկացնել տարածաշրջանին: Իրագործվեց նաև Ջավախքի գազիֆիկացման ծրագիրը՚, - նշել է պատգամավորության թեկնածուն:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա խնդիրներին` Սանոսյանը նշել է Վրաստանի և տարածաշրջանի հասարակական կյանքում ջավախքցիների ինտեգրման հարցը. «Այդ ճանապարհին հիմնական խնդիրը լեզվական արգելքն է. Ջավախքի բնակչության 99 տոկոսը վրացերենին չի տիրապետում: Այդ խնդիրը լուծելու համար ես դեռ պատգամավոր եղած ժամանակ երկու երկրների կառավարությունների առջև բարձրացրել էի Ջավախքում համատեղ հայ-վրացական բուհի ստեղծման հարցը, որն արդիական է առ այսօր, և պատգամավոր ընտրվելու դեպքում ես մտադիր եմ այն առաջ մղել՚, - հայտարարե է Սանոսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գոհ է Հայաստանի գործող իշխանությունների ջավախքյան ուղղությամբ քաղաքականությունից, պատգամավորության թեկնածուն ընդգծել է, որ դրա մասին վաղ է խոսել, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առայժմ մեկ անգամ է այցելել Վրաստան և տարածաշրջան: «Սակայն, ցանկանում եմ նշել, որ ավանդաբար ջավախահայերի խնդիրները լուծելու համար միայն պաշտոնական ջանքերը բավարար չեն եղել, բազմաթիվ հարցեր լուծվել են ժողովրդական դիվանագիտության ճանապարհով: Ուստի, ես կարևոր եմ համարում ծնունդով Ջավախքցի պատգամավորների ներկայությունը Հայաստանի խորհրդարանում՚, - ամփոփել է Սանոսյանը: