Արմինֆո.Գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի 40 օբյեկտներ, հնարավոր է, վերադարձվեն տեղական ինքնակառավարման մարմնին: Նոյեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայության կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ այդ մասին հաղորդել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նրա ասելով, Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն եւ 70-ից ավելի խուզարկություն, գրություններ են ուղարկվել 15 երկրներ, իսկ արձանագրված ֆինանսական խախտումները հասել են 15 մլրդ դրամի։
Ինչ վերաբերում է ԱԱԾ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերին, ապա պարզվել է, որ՝ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ «Մենք արդեն դիմել ենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, որպեսզի 40 անուն անշարժ գույք վերադարձվի ՏԻՄ-ին»,- հայտարարել է քննչական մարմնի ղեկավարը։