Արմինֆո. Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալմանն առնչվող գործի քննության այս փուլում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, և ինքը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մտադիր է հանդես գալ այդ մասին միջնորդությամբ:
Նրա ասելով, 2008 թվականի մարտի 1-ին Քոչարյանի գործողությունները ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետեւ մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Քոչարյանին մեղսագրված արարքները հակասել են ՀՀ սահմանադրությանը: Դավթյանը նաև հայտարարել է, որ գործում նոր մանրամասներ ի հայտ գալու առնչությամբ նախկինում կայացված որոշ որոշումներ պետք է վերանայվեն, ինչի մասին վկայում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում նախօրեին սկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որը կշարունակվի այսօր: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, որպես մեղադրող կողմ հանդես է գալիս գլխավոր դատախազը, ինչն աննախադեպ երևույթ է Հայաստանի արդարադատության համակարգում: Քոչարյանի պաշտպանները երեկ պահանջել էին նախագահող դատավորի ինքնաբացարկ` հայտարարելով Քոչարյանին ներկայացված մեղադրանքի անհիմն և չպատճառաբանված լինելու մասին: