Արմինֆո. Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի իշխանություններին նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործում:
Նոյեմբերի 1-ին <Նոր հազարամյակի սահմանադրականությունը> միջազգային խորհրդաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջաննի Բուքիքիոն, անդրադառնալով ԸՕ-ում փոփոխություններին, որոնք չեն հաստատվել խորհրդարանի կողմից, փաստել է, որ կային մի շարք դրական դրութներ՝ ուղղված օրենսգրքի բարեփոխմանը: Նա հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովը չի հասցրել ուսումնասիրել փոփոխություները, սակայն անձամբ հանդես է եկել ԸՕ-ում փոփոխություններ կատարելու առնչությամբ հայտարարությամբ:
Միաժամանակ Բուքիքիոն փաստել է, որ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս ընդգծել է ընտրություններից մեկ տարիա առաջ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: <Որպեսզի մենք ողջունենք գործընթացները, ամեն բան պետք է արվի պատշաճ ժամկետներում, բայց մենք հաշվի ենք առնում նաև Հայաստանում ստեղծված և պարզաբանում պահանջող առանձնահատուկ իրավիճակը>,- ասել է Բուքիքիոն:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ընտրությունները կհստակեցնեն իրավիճակը, և եթե ժամանակավոր կառավարությունը հաղթի ընտրություններում, կայուն մեծամասնություն կազմի խորհրդարանում, կկարողանա հաջողությամբ կառավարել երկիրը և իրականացնել ծրագրված քայլերը: <Երեկ հանդիպում ունեցա Հայաստանի իշխանությունների հետ: Եվ իմ տպավորությունն այնպիսին է, որ նոր իշխանությունները տրամադրված են փոխել երկրում իրավիճակը, ձեռնարկել բոլոր անահրաժեշտ քայլերը շատ բնագավառներում ուժերի դասավորության փոփոխությունն ապահովելու համար, փոխել Ընտրական օրենսգիրքը: Եվ ընտրություններից հետո առաջարկված փոփոխությունները, որոնք չընդունվեցին խորհրդարանի կողմից, կրկին կքննարկվեն>,-ասել է նա՝ խորհուրդ տալով իշխանություններին անել դա բաց և թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսելով:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին լավագույն ԸՕ մշակման գործում, սակայն, նրա խոսքով, կառավարությունը ևս շատ բան ունի անելու, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի, տնտեսական խնդիրների լուծման և այլ բարեփոխումների իրականացման մասով: