Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների հնարավոր ուղղությունները և զարգացման հեռանկարները: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը, ամփոփելով այցի արդյունքները:
«Նյու Յորք կատարած այցի ընթացքում կարճ շփումներ եմ ունեցել Միացյալ Նահանգների նախագահի Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Դրանք կարճ ոչ ֆորմալ հանդիպումներ էին, որենց հիմնական թեման էր հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներն ու զարգացման հնարավոր ուղղությունները»- ասել է նա:
ՀՀ վարչապետը հավելել է, որ կարճատև հանդիպում է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, Վրաստանի իր գործընկերոջ` Մամուկա Բախտաձեի հետ: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Բախտաձեն վերջերս եղավ Երևանում և այդ այցի շրջանակներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ: Փաշինյանը հայտարարել է, որ վրաց պաշտոնակցի հետ ստեղծվել է արդյունավետ համագործակցություն, և հստական պայմանավորվածությունների շնորհիվ հնարավոր դարձավ միջանկյալ լուծում գտնել Վրաստանի տարածքով բեռնատարներով ցորենի տեղափոխման արգելքի առումով: Կառավարության ղեկավարի խոսքով, այս հարցը չափազանց կարևոր էր Հայաստանի համար:
«Հանդիպումների լայն շրջանակ է տեղի ունեցել, որի մասին տարածվել են պաշտոնական հայտարարություններ», - ամփոփել է Հայաստանի վարչապետը: