Արմինֆո. Հատուկ քննչական ծառայությունը 2008 թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված որոշ նյութեր կհրապարակի իր կայքում: Այդ մասին հունիսի 28-ին կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով, հրապարակման ենթակա նյութերը սահմանափակ կլինեն բովանդակային առումով՝ քննչական միջոցառումների բնականոն ընթացքը չխախտելու նպատակով: Սասուն Խաչատրյանը հավաստիացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը բավարար քաղաքական կամք ունի 10-ամյա վաղեմության ողբերգական իրադարձութունների գործի բացահայտման համար: Ըստ որում, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա չի բացառել որպես վկա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներգրավելու հնարավորությունը: «Որևէ խոչընդոտ չկա ցանկացած անձի հարցաքննության կանչելու հարցում՝ անկախ վերջինիս զբաղեցրած պաշտոնից»,- նշել է ՀՔԾ պետը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 15-ին ՀՔԾ-ն կոչ էր արել քաղաքացիներին արժեքավոր տեղեկատվություններ տրամադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ: Ըստ որում, անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ: