Արմինֆո. Արցախում իրադարձությունները մտավախություններ են առաջացնում, և հուսով եմ, որ իրավիճակը կկարգավորվի՝ ելնելով Արցախի ժողովրդի և անվտանգության շահերից, ինչը շատ կարևոր է մեզ համար: Այդ մասին հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նա նշել է, որ չի կարելի քայլեր ձեռնարկել, որոնք հարցականի տակ կդնեն Արցախի անվտանգությունը: «Հակառակորդը կարող է օգտվել նման իրավիճակից»,- ընդգծել է պատգամավորը՝ միաժամանակ նշելով, որ հանրապետության քաղաքացիների իրավունքները պետք է պահպանվեն:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները պետք է միջամտեն Արցախում տիրող իրավիճակին՝ պատգամավորը հայտարարել է. «Կարծում եմ, որ որոշակի գնահատականներ Հայաստանից պետք է հնչեն»: Այն հարցին, թե արդյոք Արցախում կարող է կրկնվել Հայաստանում իրադարձությունների սցենարը, ինչը հանգեցրեց իշխանափոխության՝ Նահապետյանը հայտարարել է, որ ոչինչ բացառել պետք չէ:
Նշենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ծեծկռտուք է տեղի ունեցել Արցախի քաղաքացիների և ԱԱԾ հատուկջոկատայինների միջև: Ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել: Դրանից հետո Ստեփանակերտում բողոքի ակցիաներ են սկսվել՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: