Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ «Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված», հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակիցիայի մասնակիցները ներխուժել են Երևանի քաղաքապետարանի շենք՝ չնայած պահպանության ծառայության դիմադրությանը: Նրանք պահանջել են Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ «քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով»: Նշենք, որ բողոքի վայր է ժամանել «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով պահանջել է, որ իրեն թույլ տան մուտք գործել քաղաքապետի աշխատասենյակ: Մի քանի րոպեից վերադառնալով ցուցարարների մոտ՝ նա հայտնել է, որ Տարոն Մարգարյանն իր աշխատասենյակում չէ: