Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրերին երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել:
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն՝ արձագանքելով Reuters-ում հրապարակված հոդվածին, որում, վկայակոչելով սեփական աղբյուրները, խոսվում էր զանգվածային հուզումների ժամանակ երկրում արտակարգ դրություն մտցնելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին:
«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար՝ կցանկանայի հայտնել Մարգարիտա Անթիձեին (Reuters-ում հոդվածի հեղինակ), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը: Արտերկրի առաջնորդներից ոչ մեկի հետ», - ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ «Reuters»-ը,վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրել էր, որ իր հրաժարականի մասին հայտարարելուց 24 ժամ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավարության հետ: Այդ 24 ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանն ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմի անդամների և պաշտոնատար անձանց հետո: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, ինչն ավելի լայն հնարավորություններ կտար ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարում, գրել էր թերթը: