Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Հայաստանի նոր կառավարության օրոք Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կզարգանան ոչ պակաս դինամիկ, քան նախկինում էր:
«Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում, և հուսով եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան դինամիկ, ինչպես եղել է մինչ օրս»,- ասել է Պուտինը Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում առաջին հանդիպման ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում մերձավոր գործընկեր և դաշնակից՝ ավելացնելով, որ դա վերաբերում է թե տնտեսական փոխգործակցությանը, թե անվտանգության հարցերին:
Պուտինը հույս է հայտնել, որ վերջին ժամանակներում ՌԴ-ի և Հայաստանի միջև գրանցված տնտեսական «շատ լավ արդյունքները» կհաջողվի ոչ միայն պահպանել, այլև՝ բազմապատկել: