Արմինֆո. Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Զիաֆատ Ասկերովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արդյունք չեն տալիս:
Նրա ասելով, 1992 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ընթացքում Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված ԼՂՀ շահերը, քանի որ ԼՂՀ-ն բանակցությունների կողմ չէ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արդյունք չեն տալիս, քանի որ չկա դրան հասնելու ցանկություն՚, - ասել է Ասկերովը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 15-րդ նիստի շրջանակում: Նրա ասելով, Մինսկի խումբը ոչինչ չի անում հակամարտությունը կարգավորելու համար:
«Համանախագահներն, ընդամենն, այցելում են Ադրբեջան և Հայաստան, սակայն` ապարդյուն՚, - ասել է փոխխոսնակը: Ասկերովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը պետք է մոտենալ միջազգային իրավունքի տեսանկյունից: