Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հրաժարվել է մեկնաբանել Հանրապետական կուսակցությունից Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածությունը:
«Դա ձեր ներքին գործն է: Հայ հասարակությունը պետք է գնահատական տա նոր նախագահի
թեկնածությանը: Կարծում եմ, որ հավաքվածների թվում վերջին մարդն եմ, ով պետք է մեկնաբանի այդ հարցը»,- հայտարարել է Սվիտալսկին լրագրողներին:
Հունվարի 19-ին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածուն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները, որտեղ մանդատների մեծ մասը պատկանում է ՀՀԿ-ին: Այնուհետև նոր նախագահը նոր վարչապետ կնշանակի հենց նույն ՀՀԿ-ից:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում Հայաստանի ընտրողների 66,2 տոկոսը «կողմ՚
քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են կառավարման նախագահական ձևից Հայաստանի անցում կառավարման խորհրդարանական ձևի, որի դեպքում իրական իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում: Նոր նախագահը զուրկ կլինի արտաքին և պաշտպանական քաղաքականության վրա ազդեցության լծակներից: Զինված ուժերը կենթարկվեն պաշտպանության նախարարին, իսկ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները ռազմական գործողությունների շրջանում վերապահվում են վարչապետին: Իսկ վարչապետի պաշտոնի ՀՀԿ հիմնական թեկնածուն կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն է: