Արմինֆո.Թուրքիան մտադիր է բետոնե պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանին, հաղորդել է թուրքական T24 հեռուստաալիքը:
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի շինարարության նախարարությունը: Ենթադրվում է, որ բետոնե պատի բարձրությունը կկազմի երեք մետր, հաստությունը` երկու մետր:
2016 թվականի մայիսին շինարարության, ֆինանսների և պաշտպանության գերատեսչությունների միջև պայմանագիր էր կնքել վեց շրջաններում սահմանային պատ կառուցելու վերաբերյալ` անվտանգության նկատառումներով:
Նշվում է, որ պատի կառուցման նպատակը պայքարն է ահաբեկչության և մաքսանենգության դեմ, ապօրինի սահմանահատման կանխարգելումը: Այժմ ընթացքում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով պատի շինարարությունը, որը կավարտվի 2017 թվականի ապրիլին:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը 1993 թվականից ի վեր շրջափակված է Անկարայի կողմից: Երկրների միջև չկան նաև դիվանագիտական հարաբերություններ: