Արմինֆո. Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը և նշել է, որ երկկողմ հարաբերությունները մշակութային, կրթական, գիտական և այլ ոլորտներում զարգանալու մեծ ներուժ ունեն։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկկողմ առևտրաշրջանառությունը շոշափելի աճ է արձանագրել՝ հայտնելով նաև Լիտվայի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Դեսպանը հավելել է, որ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին։ Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը նշել է հանձնաժողովի հերթական նիստը 2017թ. անցկացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարներին։
Հանդիպման ավարտին Լիտվայի վարչապետն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ՀՀ վարչապետին՝ միաժամանակ դրականորեն արձագանքելով առաջիկայում Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերին։