Արմինֆո.Խորհրդարանական ընտրություններում քվեարկած անձանց ցուցակները կսկանավորվեն և կզետեղվեն ԿԸՀ կայքում: Այդ որոշումը կայացվել է ԿԸՀ արտահերթ նիստում:
Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այդ որոշման կայացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի պահանջներով և նպատակաուղղված է ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ ԸՕ այդ դրույթն իշխանության և ընդդիմության միջև քաղաքական խորհրդատվությունների արդյունք էր: ԸՕ-ում այդ դրույթի ներառումը պահանջել է ընդդիմությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են ապրիլի 2-ին: ԿԸՀ որոշման համաձայն, պաշտոնական նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին` ժամը 8:00-20:00-ն: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00-ն: