Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձն ակնհայտորեն խախտում Է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները, ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
«Խիստ դատապարտման է ենթակա և անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որևէ հավանականություն: Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում և այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը և ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը»,- ընդգծել է նա:
Թաթոյանը նաև ավելացրել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: «Փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով»,- նշել է նա:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան: «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: