Արմինֆո.Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ԱրմԻֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել , որ հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում 3 հայ զինծառայող է զոհվել: «Զոհվածներից մեկն սպա է, երկուսը` շարքային», - նշել է նա, հավելելով , որ զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ընդ որում, Հովհաննիսյանը նշել է, որ տվյալ պահին մարտերը շարունակվում են, սակայն չի ցանկացել գնահատական տալ սահմանին առկա իրավիճակին: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան:
Ինչպես նշվում է Հայաստանի Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: