Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը` Երևանում լրագրողների հետ զրույցում:
«Մեզ հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել ապրիլին, այդ ողբերգական դեպքերը տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Մինչ այդ նույնպես հրադադարի ռեժիմը խախտվում էր, սակայն` ոչ այդպիսի տեմպերով, որոնց ականատես եղանք քառօրյա պատերազմի ժամանակ», - հայտարարել է նա:
Ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, Զատուլինը նշել է. « ԼՂՀ չի կարող լինել Ադրբեջանի մաս, սակայն, ԼՂՀ հարող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Զատուլինը փաստել է, որ այժմ Հայաստանում կասկածներ կան Մոսկվայի դաշնակցային պարտավորությունների կատարման ա ռնչությամբ: «Կարծում եմ` Ռուսաստանը պետք է հնարավորինն անի այդ կասկածները նվազագույնի հասցնելու, դրանք չեզոքացնելու նպատակով», - նշել է քաղաքագետը: Նրա համոզմամբ, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները խորն են և համընդգրկուն: «Միայն այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է ՀՕՊ միացյալ համակարգի վերաբերյալ պայմանագիր, Ռուսաստանն առաջին անգամ «Իսկանդեր» համակարգ է տրամադրել այլ պետության, որը Հայաստանն էր», - ամփոփել է քաղաքագետը: