Արմինֆո.Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը միանգամայն կարող է դառնալ Արցախի տարածքների հանձնման բավականին կասկածելի, սակայն, փաստարկ` քարոզիչների համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Նախօրեին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում «Ռուսաստանը թուրքերի աչերով» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Թիկնապահի տեսք ունեցող մարդասպանն ավելի ուշ սպանվել է թուրք ոստիկանների կողմից: Դեսպանի սպանությունը հետաքննելու նպատակով արդեն Ռուսաստանից Թուրքիա է մեկնել հատուկ ծառայությունների, ՌՔԿ և ԱԳՆ 18 աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբը:
«Իմ կարծիքով, այդ սպանությունն էլ ավելի կսրի իրավիճակը, որը ժամանակի ընթացքում դառնում է ավելի բարդ և պայթյունավտանգ: Ցավակցություն եմ հայտնում Ռուսաստանի դեսպանի հարազատներին ու մերձավորներին: Սակայն, իմ կարծիքով, այդ ահաբեկչական գործողությունը լրացուցիչ փաստարկ կդառնա այն անձանց համար, որոնք ձգտում են հայկական հողերի հանձնումը ներկայացնել որպես մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման և հավերժ ռուս-թուրքական բարեկամության հաստատուն հիմքի ապահովման երաշխիք:
Մելիքյանը նաև տարակուսանք է հայտնել Ռուսաստանի դեսպանին սպանած անձին անհապաղ վերացնելու թուրքական հատուկ ծառայությունների դրդապատճառների առնչությամբ` նրան ձերբակալելու և հետագայում հարցաքննելու փոխարեն: