Արմինֆո.Հայաստանում արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններին այլընտրանքը կարող է լինել խռովությունը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ քաղաքական ուժերի համար գերակայություն պետք է լինի ներկայիս իշխանության վերարտադրությանը խոչընդոտելը: «Հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ եթե իշխանությունները փորձեն կեղծել ապրիլյան ընտրությունները, ընդդիմությունն այլ տարբերակ չի ունենա, բացի այն տարբերակից, ինչին «Սասնա ծռերի» անդամները գնացին»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նա ավելացրել է, որ իր համար դա ցանկալի տարբերակ չէ: «Մենք հանդես ենք գալիս ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխության օգտին»,- ընդգծել է նա:
Դալլաքյանը հայտարարել է նաև, որ հանդես է գալիս քաղաքական-հասարակական լայն համախմբման օգտին, ինչին հասնելու համար մի շարք հանդիպումներ է անցկացնում քաղաքական գործիչնեչրի, կուսակցությունների և հասարակական ուժերի հետ: Քաղաքական գործիչն ավելացրել է նաև, որ հանդես է գալիս ընտրական գործընթացներում բազմաթիվ դիտորդների ներգրավման օգտին: Նրա կարծիքով, Հայաստանից և Սփյուռքից հայտնի մշակութային և հասարակական գործիչների ներգրավումն այդ գործընթացում դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա:
Նշենք, որ քաղաքական կուսակցությունները քննարկումներ են անցկացնում նախընտրական դաշինքներ կազմելու համար : «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արդեն հայտարարել են ընտրություններին համատեղ մասնակցելու մտադրության մասին: Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և ՀԱԿ-ը հայտարարել են համագործակցությունը շարունակելու մասին: ԶԼՄ-ների համաձայն, «Համախմբումը» և «Ժառանգությունը» նույնպես բանակցություններ են վարում: Մինչդեռ Հանրապետական կուսակցությունը չի շտապում նախընտրական դաշինք ձևավորել: