Արմինֆո. ԼՂՀ զինկոմիսարիատում հերքում են հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե ՊՊԾ գնդի գրավման գործով ներկայումս բանտարկության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումը դադարեցվել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ զինկոմիսարիատի ֆինանսական բաժնի ղեկավար Ծովինար Խաչատրյանը, մինչև ընթացիկ տարվա հուլիսը /մինչև ՊՊԾ գնդի զավթումը/ Մանուկլյանը նպաստ էր ստանում փոստով: «Սակայն, հուլիսյան իրադարձություններից և Մանուկյանի ձերբակալությունից հետո մենք չենք կարող նրա նպաստն ուղարկել փոստով, քանի որ նա չունի իրավաբանորեն գրանցված վստահված անձ, ով նրա փոխարեն կարող է ստանալ այդ միջոցները: Սակայն, նպաստի վճարումը դադարեցված չէ, այդ միջոցները փոխանցվում են հատուկ հաշվի վրա, որից Մանուկյանը կարող է օգտվել ազատ արձակվելուց անմիջապես հետո»,- պարզաբանել է Խաչատրյանը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ Արցախի զինկոմիսարիատի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ պետի ստորագրությամբ, որտեղ իր պատիժն է կրում Մանուկյանը, համապատասխան ծանուցում ստանալու դեպքում, այն մասին, որ նրա փոխարեն նպաստ կարող է ստանալ նրա վստահված անձը, փոխանցման հետ կապված խնդիր չի լինի: ««Նուբարաշեն» ՔԿՀ պետի ստորագրությամբ նման իրազեկում ստանալու դեպքում մենք կրկին նպաստը փոստով կուղարկենք Մանուկյանին, և այդ դեպքում միջոցները կստանա վերջինիս վստահված անձը: Հակառակ դեպքում, հատկացումներն առայժմ կպահվեն հատուկ հաշվի վրա»,- բացատրել է Խաչատրյանը:
Նշենք, որ նախօրեին Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը հայտարարել էր, որ Մանուկյանին հաշմանդամության նպաստի վճարումը դադարեցվել է: Նա հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարություն իրազեկում է ուղարկվել այն մասին, որ Մանուկյանը գտնվում է կալանքի տակ և չի կարող նպաստ ստանալ: «ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարությունից մեզ հայտնել են, որ Մանուկյանը պետք է անձամբ ներկայանա և ստորագրի»,- հավաստիացրել էր Բաղդասարյանը: Մինչդեռ ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարությունում ԱրմԻնֆո-ին հայտնել են, որ Մանուկյանին հաշմանդամության նպաստ վճարվում է Զինկոմիսարիատի կողմից, և Սոցիալական ապահովության նախարարությունը որևէ առնչություն չունի այդ հարցի հետ: Արցախի զինկոմիսարիատում հաստատել են այդ տեղեկատվությունը, հայտնել, որ նպաստը հատկացնում է Զինկոմիսարիատը, պարզաբանել փոստով վճարումը շարունակելու հնարավորությունները՝ իրավաբանորեն հաստատված վստահված անձի առկայության դեպքում:
Պավել Մանուկյանը երկրորդ խմբի հաշմանդամ է և ԼՂՀ զինկոմիսարիատից ստանում է 100 հազար դրամի չափով նպաստ՝ որպես ղարաբաղյան պատերազմի վետերան: