Արմինֆո. Գերմանական Deutsche Welle-ն հրապարակում է զետեղել Հայաստանից ուղեղների արտահոսքի մասին :
«Հայաստանի բնակչությունը սրընթաց նվազում է», - ասվում է գերմանական թերթի հրապարակման մեջ: Ինչպես նշում է թերթը, հեռանում են նրանք, ում կարիքը Հայաստանը հատկապես ունի, մասնավորապես` կրթված երիտասարդները: Նրանցից մեկն էլ հրապարակման հերոսուհին է` 26-ամյա Անահիտը, ով պատրաստվում է մեկնել Լեհաստան՝ աշխատելու մի նախագծի շուրջ: «Ես սիրում եմ իմ երկիրը, բայց կան մի շարք խնդիրներ, որոնց պատճառով չեմ ուզում մնալ»,- ասել է նա:
Հետազոտական կենտրոնում աշխատող Անահիտի ասելով՝ Հայաստանում իսկապես դժվար է կարիերայում որոշակի նպատակների իրագործումը: «Ընկերներս հեռացել են, կեսը՝ Ռուսաստան, մյուս կեսը՝ տարբեր երկրներ: Այստեղ ինձ բավական միայնակ եմ զգում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սկզբին ԳԿՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ներկայացնելով 2015 թվականին Հայաստանի գիտության նվաճումները, հայտարարել էր, որ պետությունը մտահոգված է գիտական կադրերի արտահոսքի առնչությամբ: «Գիտական աշխատանքների 30%-ն անցնում է երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ: Արդեն 35-45 տարեկանում այն գիտնականները, որոնց աշխատանքները հրապարակվում են միջազգային հեղինակավոր հրատարակություններում, պայմանագրեր են կնքում միջազգային ընկերությունների հետ և հետագայում մեկնում են արտասահման, որտեղ ստանում են բարձր աշխատավարձ», - ասել էր Հարությունյանը: Ընդ որում նա խոստովանել է, որ Հայաստանում աշխատավարձերը շատ ցածր են, և դրանք չեն բավարարում գիտնականների նվազագույն կարիքների բավարարմանը: Կոմիտեի նախագահը հույս էր հայտնել, որ պետությունը կզբաղվի այդ խնդրի լուծմամբ: