Արմինֆո. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է ՀՀԿ-ին անդամագրվելու ցանկության մասին:
Ինչպես Մարտիրոսյանը հայտարարել է լրագրողներին, ինքն արդեն ներկայացրել է համապատասխան դիմում և այժմ սպասում է ՀՀԿ պատասխանին: Նախարարի հավաստմամբ, այդ հարցում իր նկատմամբ ճնշում չի գործադրվել, և դա եղել է միանգամայն գիտակցված որոշում: «Կառավարությունը թիմ է, ու եթե դրա ներկայացուցիչների մեծ մասը ՀՀԿ անդամ են, ապա անհրաժեշտ է հարել այդ թիմին` բարեփոխումների ավելի արդյունավետ իրականացման նպատակով», - հայտարարել է նա:
Իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առայժմ չի կողմնորոշվել ՀՀԿ-ին անդամագրվելու առնչությամբ և խնդրել է հետաձգում մինչև 2017 թվականի ապրիլ: Իսկ ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո կառավարությունը հրաժարական կտա:
Այսօր ՀՀԿ-ին անդամակցելու մտադրություն էր հայտնել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նույնպես իր որոշումը հիմնավորել էր մեկ համերաշխ թիմով աշխատելու անհրաժեշտությամբ` առաջադրված խնդիրներն ավելի արդյունավետ իրագործելու համար: Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցելու մտադրության մասին էր հայտարարել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: