Արմինֆո. Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում, այդ թվում՝ խաղաղության և կայունության պահպանման հարցում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։
Ըստ որում, ՀՀ առաջնորդն ավելացրել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել ընթացիկ տարվա ապրիլին մարտական գործողությունները դադարեցնելու գործում։ «Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, քանի որ հայ հասարակությունում միանշանակ չընդունվեց Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումը, համենայն դեպս, զանգվածային լրատվամիջոցների, ԱԳՆ մակարդակով։ Կարելի է հասկանալ հայ հասարակությանը, քանի որ Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ վտանգի դեպքում Ռուսաստանը միշտ կլինի Հայաստանի կողքին։ Բայց, ինչպես ասում են՝ երազելը վնաս չէ. հասարակության որոշակի մասը հասկացավ, որ Ռուսաստանը ստիպված էր պահպանել հավասարակշռություն, քանի որ այդ հավասարակշռության չպահպանումը կարող էր հանգեցնել ավելի լայնածավալ գործողությունների»,- նշել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը հիշեցրել է, որ հենց Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի գլխավոր շտաբի պետը և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, պայմանավորվեցին դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ 1994 թ. հրադադարի մասին պայմանագրին։
«Անկեղծ ասած` մանրամասները չգիտեմ, եղե՞լ է արդյոք զրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտպանության նախարարների միջև։ Բայց ես հստակ գիտեմ, որ իմ և Վլադիմիր Պուտինի միջև զրույցն ուղղված էր խնդրի խաղաղ կարգավորմանը, դա շատ կարևոր է»,- ասել է ՀՀ նախագահը: