Արմինֆո. Հայաստանն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։
«Մենք լիովին հավանություն ենք տալիս, որ Ռուսաստանը սիրիական կառավարության խնդրանքով օգնություն է ցուցաբերում նրան։ Այստեղ ոչ մի հարց չի կարող լինել։ Օգնություն խնդրելը սիրիական պետության օրինական իրավունքն է, օգնության տրամադրումը՝ Ռուսաստանի օրինական իրավունքը»,- ընդգծել է Սարգսյանը:
Նրա խոսքով, Երևանն ուզում է, որ սիրիական հարցն արագ լուծվի, բայց այն պետք է լուծի Սիրիայի ժողովուրդը: «Մենք, իհարկե, շատ կուզեինք, որ այդ հարցն արագ լուծվեր, թեև, ինչպես տեսնում եմ, դժվար թե արագ լուծում գտնվի: Այնտեղ ապրում են շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ։ Մենք չունենք հստակ տեղեկատվություն»,- ասել է Սարգսյանը:
Նախագահը հիշեցրել է նաև, որ այսօր Հայաստանում են գտնվում շուրջ 20 հազար մեր քույրերը և եղբայրները, որոնք տեղափոխվել են Սիրիայից։ «Ամեն դեպքում մենք փորձում ենք, հետագայում ևս կփորձենք թեթևացնել այդ մարդկանց վիճակը»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների համաձայն, վերջին 5 տարում Սիրիայի հայ համայնքի թվակազմը կրճատվել է 120 հազարից մինչև 20 հազար: Հայաստան են տեղափոխվել 20 հազար սիրիահայեր, որոնցից 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: ՀԱԵ Հալեպի թեմի տվյալներով, այժմ քաղաքում մնում է շուրջ 10 հազար հայ: Ավելի վաղ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը հաղորդել էր, որ Սիրիայում իրավիճակի վերջին սրումից հետո Հայաստան է ժամանել 3 ընտանիք, որոնք ապահովվել են անհրաժեշտ ամեն ինչով: Նա նաև հաղորդել էր, որ հոկտեմբերի 17-ին Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 սիրիահայ: