Արմինֆո. Կարծում եմ՝ Մոլդովայի նոր նախագահի ընտրմամբ երկրի արտաքին քաղաքական ուղեգիծն առանձնակի փոփոխությունների չի թենարկվի: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը՝ պատասխանելով երկրի արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխությունների մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նա հիշեցրել է, որ Մոլդովան ընտրել է եվրաինտեգրման ուղին, և երկրում ԵՄ-ին ինտեգրման գործընթացի արագացմանն ուղղված բարեփոխումներ են անցկացվում:
«Մեր եվրաինտեգրացիոն վեկտորը ոչ մի կերպ հակասության մեջ չի մտնում Մոսկվայի մեր գործընկերների հետ նորմալ, պրագմատիկ, կառուցողական հարաբերություններ կառուցելու գործընթացի հետ»,- նշել է նախարարը: Նա գտնում է, որ այս մոտեցումը կգործի Մոլդովայի նոր նախագահի մանդատի ժամանակ:
Նշենք, որ նոյեմբերի 13-ին Մոլդովայում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել: Քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո պարզ է դարձել, որ հաղթել է սոցիալիստների կուսակցությունից թեկնածու Իգոր Դոդոնը, ով ստացել է ընտրողների ձայների 52.18%-ը, «Արժանապատվություն և ճշմարտություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Մայա Սանդուն ստացել է ձայների 47.82%-ը: