Արմինֆո. ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դանալդ Թրամփի ամենակարևոր ուղերձը երկխոսության պատրաստակամությունն է և կոնֆլիկտային քաղաքականությունից հրաժարումը, ինչի մասին նա հայտարարել է իր առաջին ելույթում: Այդ մասին Շարմազանովը հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ում կառավարող ռեժիմի՝ Թրամփը չի ցանկանում միջազգային հակամարտությունների սրացման գնալ, ավելին՝ նա հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու պատրաստակամության մասին: «Նա հստակ ուղերձ է հղել ինչպես իր թիմին, այնպես էլ ամերիկացի ժողովրդին և օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերներին, որը երկխոսության կողմնակից է: Դա շատ կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Ուկրաինայում իրավիճակի սրացումն անդրադառնում է նաև մեր երկրի վրա»,- նշել է Շարմազանովը:
Քաղաքական գործիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորման հարցում համանախագահող երկիր է հանդիսանում նաև ԱՄՆ-ը, Մոսկվայի և Վաշինգտոնի համախոհության հազվագյուտ դեպք է: Միաժամանակ Շարմազանովը գտնում է, որ Թրամփի ընտրվելուց հետո ռուս-ամերիկյան երկխոսության ակտիվացումը կարող է իր դրական հետևանքներն ունենալ նաև այդ հարցում: Փոխխոսնակը պարզունակ է համարել հայտարարուրթյունները, որ Բաքվի հետ Թրամփի տնտեսական կապերը կարող են բացասական հետևանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Նրա կարծիքով, նույնիսկ եթե ԱՄՆ նորընտիր նախագահն ինչ-որ տնտեսական շահեր ունի, ապա նա էլ ավելի շահագրգռված կլինի տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցում: «Բացի այդ, երեկվա Թրամփը և այսօրվա՝ քաղաքացի Թրամփը և նախագահ Թրամփը տարբեր մարդիկ են»,- ընդգծել է Շարմազանովը՝ շնորհավորելով ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը վերջինիս թեկնածուի հաղթանակի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ նա արդեն ստացել է ընտրիչների 276 ձայն, մինչդեռ Հիլարի Քլինթոնը՝ ընդամենը 218 ձայն: Թրամփի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, նրա մրցակցի օգտին՝ 55,8 մլն: Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածուն արդեն հեռախոսով շնորհավորել է Թրամփին: