Արմինֆո. Ռուսական կողմը շահագրգռված է հզոր գործընկերոջով` ի դեմս Հայաստանի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` Ժողովրդական միասնության օրվա առնչությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:
«Միասին մենք կարող ենք դիմակայել միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներին և ապահովել մեր երկրների բարգավաճումն ու զարգացումը», - նշել է ռուսաստանցի դիվանագետը:
Միևնույն ժամանակ, նա ափսոսանքով փաստել է, որ այսօր կան ուժեր, որոնք փորձում են միջամտել այս կամ այն պետության ներքին գործերին: Դեսպանի համոզմամբ, նման գործողություններն սպառնում են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Վոլինկինն ընդգծել է, որ միայն ինքնիշխան պետությունների միջև հավասար երկխոսությունը կարող է թույլ տալ հասնել տեսանելի հաջողությունների խաղաղության և կայունության պահպանման գործին նպատակաուղղված ջանքերոմ:
Նշենք, որ Ժողովրդական միասնության օրվա առնչությամբ ՌԴ դեսպանատանը կայացած համերգին մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության զինվորական նվագախումբը, ինչպես նաև երգիչ Արթուր Աղաջանովը: Հանդիսավոր արարողության ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, զինվորականներ, մտավորականության և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ռուսաստանի ռազմական փառքի` Ժողովրդական միասնության օրը Ռուսաստանում նշվում է ամեն տարի նոյեմբերի 4-ին` 2005 թվականից: Այդ տոնը սահմանվել է 1612 թվականին լեհ ինտրվենտներից Մոսկվայի ազատագրման պատվին: