Արմինֆո. Երևանում ներկայացվել է «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզը:
Ինչպես նոյեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հաղորդել է «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգողի տեղակալ Ալեք Ենիգոմշյանը, Նոր Հանրապետության հիմնադրման Ճանապարհային քարտեզը բաց է առաջարկությունների համար, և բոլոր ցանկացողները կարող են իրենց հարցերն ու առաջարկություններն ուղարկել «Ֆոյսբուքում» «Սասնա ծռեր» էջին: «Մենք բամզիցս ասել ենք, որ մեր երկրում վաղուց հասունացել է իշխանափոխության անհրաժեշտությունը: Սակայն միայն իշխանափոխությամբ հնարավոր չէ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այս տարիներին կուտակվել են երկրում: Մեր առջև դրված է երեք խնդիր, որոնք անհրաժեշտ է լուծել. կոռուպցիայի վերացում և օրինական իշխանության հաստատում, Լեռնային Ղարաբաղի դե-յուրե ճանաչում, կենսունակ պետության կառուցում: Առանց վերը նշված նպատակների իրագործման երկրում առկա իրավիճակն անհնար է փոխել», - կարծում է Ենիգոմշյանը:
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ գործողությունները պետք է իրականացվեն երկու փուլով. առաջինն իշխանափոխությունն է քաղաքացիական անհնազանդության միջոցով, և երկրորդը` երկամյա անցումային շրջանի հաստատում, իսկ հետո վերը նշված երեք նպատակների իրագործում, նոր սհամանդրության մշակում և արդեն Հայաստանում լեգիտիմ ընտրությունների անցկացում: Ենիգոմշյանը դժվարացել է ասել, թե ինչ ժամկետում է հնարավոր առաջին փուլի իրագործումը: Նա միայն փաստել է, որ դա կախված կլինի այն բանից, թե որքան արագ և արդյունավետ կհաջողվի մոբիլիզացնել հասարակությանը և նրան հանել պայքարի: Ալեք Ենիգոմշյանը նաև չի համաձայնել այն կարծիքին, թե ՊՊԾ գնդի զավթման շուրջ հուլիսյան իրադարձություններն ապարդյուն էին: Նրա համոզմամբ, այսօր հասարակական գիտակցությունը կտրուկ փոխվել է, այն շատ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ, և մարդիկ տեսնում են փոփոխությունների անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կառավարության փոփոխությունը «Սասնա ծռերի» գործողությունների արդյունք է, Ենիգոմշյանն ընդգծել է, թե բազմիցս է ասել, որ համաձայն չէ նման ձևակերպմանը: Նրա համոզմամբ, այսօրվա կառավարությունն ավելի գաղութային է, քան` նախորդը: Խոսելով Հայաստանի հետագա ուղու մասին` Ենիգոմշյանը համոզմունք է հայտնել, որ նա պետք է հնարավորինս շուտ դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ամրապնդի փոխգործակցությունն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, հատկապես` ԱՄՆ հետ: «Դա բնավ չի նշանակում մեկ ռազմական դաշինքից անցում մյուսին, ամենևին: Նաև կարծում եմ, որ Հայաստանը պետք է ակտիվորեն զարգացնի ռազմավարական համագործակցությունը հարևան Իրանի հետ», - ամփոփել է Ալեք Ենիգոմշյանը: