Արմինֆո. Հավատում եմ, որ տեսանելի ապագայում կգտնվի ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում, հոկտեմբերի 18-ին Եվրաակումբի բացման շրջանակներում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք հետագայում ԼՂՀ-ում Եվրաակումբ բացվի:
Դիվանագետը հիշեցրել է, որ իր մանդատը Լեռնային Ղարաբաղի վրա չի տարածվում: ՙՍակայն, համոզված եմ, որ հակամարտության բազմակողմ կարգավորումը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, հատկապես երիտասարդությանը՝ օգտվել այն հնարավորություններից, որոնք կբեր այդ կարգավորումը: Այդ ժամանակ ԵՄ-ն ևս կաջակցի դրան՚:
Նա նաև նշել է, որ այս շաբաթ Երևան կժամանի ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, ով աշխատում է մարդկանց միջև շփումների հաստատման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն միջոցներ է հատկացրել թե Հայաստանին, թե Ադրբեջանին շփումների հաստատման ծրագրերի իրականացման համար:
Նշենք, որ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կայցելի Հայաստան, իսկ հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան: Երևանում և Բաքվում Զալբերը բարձր մակարդակով խորհրդակցություններ կանցկացնի: