Արմինֆո.Հայաստանը կարևորում է երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Այդ մասին հոկտեմբերի 15-ին ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը:
ՙՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգացում է ապրում և քայլում ժամանակին համընթաց: Խոսելով ՏՏ ոլորտի մասին՝ չպետք է մոռանալ նաև տեղեկատվական անվտանգության մասին, որտեղ կարևոր դեր է խաղում կիբերանվտանգությունը: Կիբերանվտանգության ապահովումը խնդիր է ոչ միայն առանձին պետությունների, այլև՝ ողջ համաշխարհային հանրության համար՚,- նշել է Խաչատուրովը:
Ըստ որում, նա ընդգծել է կիբերսպառնալիքների դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության կարևորությունը: Միջոցառմանը պետք է ելույթ ունենար նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, սակայն նրա փոխարեն ներկա է գտնվել նրա տեղակալ Արա Բադալյանը, ով ընթերցել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ողջույնի խոսքը և արդյունավետ քննարկումներ մաղթել հավաքվածներին:
Նշենք, որ համաժողովն անցկացվել է Երևանում ընթացող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: