Արմինֆո. Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են ևս չորս պատգամավորներ` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը և Արմեն Ավետիսյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Տ.Ուրիխանյանի գրասենյակի լրատվական ծառայությունից, պատգամավորի գրասենյակը վաղն արդեն պատրաստվում է ձևաթուղթը հանձնել ՀՀ Քննչական կոմիտե: «Խնդրվում է միանալու ցանկություն ունեցող մյուս պատգամավորներին ստորագրել այն մինչև վաղը ժամը 14:00», - նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ստորագրահավաքին միացել էին ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը: Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում: Անդրիա Ղուկասյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա մեղադրվում է ի աջակցություն «Սասնա Ծռերի» երթի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Կալանավորը հայտարարել է, որ իրեն համարում է քաղբանտարկյալ: