Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում լուրջ տեղաշարժերի մասին խոսելն այսօր աննպատակահարմար է, օգոստոսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով, մի շարք հայտարարություններ են արվել պետությունների ղեկավարների մակարդակով, ակտիվացել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումները՝ մեծամասամբ ռուսական կողմի միջնորդությամբ, բայց բոլոր այդ քայլերը մեկ նպատակ են հետապնդել՝ հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի, իսկ բոլոր այդ հանդիպումներն ու հայտարարությունները դրա ձեռքբերման գործիք են հանդիսացել: ՙԱնշուշտ, հանդիպման ընթացքում նաև ճնշում է գործադրվել՝ առաջին հերթին Ադրբեջանի վրա, բայց, իհարկե, նաև Հայաստանի, արվել են առաջարկներ, ինչը թույլ է տվել թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում: Բայց որևէ տեղաշարժի մասին այսօր խոսելը վաղաժամ է՝ հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո՚,- նշել է Իսկանդարյանը:
Նրա խոսքով, բանակցային գործընթացում որևէ տեղաշարժի հասնելու համար պետք են փոխադարձ զիջումներ, սակայն թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական հասարակությունն այսօր պատրաստ չէ նույնիսկ խոսել այդ մասին:
ՙԵս թերահավատորեն եմ վերաբերում ոչ միայն ընդհանուր առմամբ հարցի կարգավորմանը, այլ նաև այն բանին, որ Ադրբեջանը կկարողանա երկար պասսիվություն պահպանել շփման գծում: Թերահավատորեն եմ վերաբերում նաև այն բանին, որ վերահսկողության համակարգ կհաստատվի սահմանին, քանի որ Ադրբեջանը համառորեն հակառակվում է դրան: Կարծում եմ, որ Ադրբեջանի հետագա վարքագիծն անմիջականորեն կապված կլինի նաև նավթի գների հետ՚,- հայտարարել է փորձագետը: Այս իրավիճակում, ավելացրել է նա, Հայաստանին մնում է միայն բարձրացնել անվտանգության միջոցները, նոր սպառազինություն գնել, աշխատել հրամանատարական կազմի հետ, ինչն, ըստ էության, անում է:
Անդրադառնալով հնարավոր զիջումների վերաբերյալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը՝ Իսկանդարյանը նշել է, որ Ղարաբաղի առաջնորդի ամբողջ ելույթը հանգում էր այն բանին, որ անհրաժեշտ է վստահության միջոցներ ստեղծել կողմերի միջև, իսկ դրա համար անհրաժեշտ է միջադեպերի հետաքննման մեխանիզմներ մտցնել, բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել ԼՂՀ-ին, դրանից հետո միայն հնարավոր կդառնա երկխոսություն սկսելը և ինչ-որ զիջումների մասին խոսելը: