Հայ կանանց 75%-ը բախվում է բռնության` այս կամ այն ձևով, հաղորդել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` նոյեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում: Այդպիսով, բռնության է ենթարկվում չորս կանացից երեքը: «Ֆիզիկական բռնության ենթարկվում է հայ կանանց 5%-ը, հոգեբանական բռնության և սպառնալիքի` էլ ավելին», - հավելել է փորձագետը:
Ադիբեկյանի կարծիքով, խնդիրն ավելի շուտ թաքնված է հայկական ավանդական ընտանեկան հարաբերություններում, որտեղ կինը միշտ իրեն մեղավոր է համարում այս կամ այն բացթողման համար: «Հայ կանայք չեն սիրում վեճը տնից դուրս հանել, և լռում են մինչև վերջ», - ասել է նա: Ուշագրավ է, որ կանայք բռնության դրսևորում չեն համարում հոգեբանական ճնշումը կամ ահաբեկումը:
«Ամուր ընտանիքի կինը, ուր տիրում են լավ փոխհարաբերություններ, գործնականում, զերծ է բռնությունից: Առավել խոցելի են անապահով ընտանիքների կիսագրագետ կանայք», - նշել է սոցիոլոգը: Նրա ասելով, Հայաստանում կան նաև ընտանիքներ, որտեղ հակառակն է` կինն է ծեծում ամուսնուն:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն, իր հերթին, նշել է, որ առավել հաճախ բռնության են ենթարկվում նրանք, ում մեջ վաղ մանկությունից ամրագրված է զոհի սցենարը: «Կամ նրանց տանն անտեսել են, կամ էլ նրանք իրենց ընտանիքներում տեսել են բռնության դրսևորումներ: Արդյունքում` հնարավոր ագրեսորի հետ նրանք «զոհ-հալածվող» դերային դիմակայության են գնում», - հաղորդել է նա: Ընդ որում, ինչպես ընդգծվել է, հնարավոր զոհերի շրջանում մեծ է վախի գործոնը, և առկա է մեղքի խորն զգացում:
Նոյեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրն է: 2014 թվականին Հայաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 11 կին: